Jump to content

Գարիկ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարիկ
Մկրտչյան
Ծնվել էմայիսի 16, 1909(1909-05-16)
ԾննդավայրՂարաքիլիսա
Մահացել էմարտի 8, 1978(1978-03-08) (68 տարեկանում)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի գրադարանային ինստիտուտ
Մասնագիտությունմատենագետ, գրադարանավար
ԱշխատավայրԱվետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, Երևանի ակումբագրադարանային տեխնիկում
Զբաղեցրած պաշտոններտնօրեն, ուսմասվար

Գարիկ Վասիլի Մկրտչյան (1909 թվական, 16 մայիս, Ղարաքիլիսա- 1978 թվական, 8 մարտ, Երևան), Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն[1], գիտական գրադարանների տեսուչ, Երևանի գրադարանային տեխնիկումի դասախոս և տնօրեն, գրադարանային բաշխիչ կենտրոնում որպես գրականության ավագ դասակարգող[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Վասիլի Մկրտչյանը ծնվել է Ղարաքիլիսա գյուղաքաղաքում, 1909 թվականի մայիսի 16-ին այգեգործի ընտանիքում։ 1917թ. հաճախել դպրոց, սակայն պատերազմների, ծանր սոցիալ-տնտեսական պատճառով ուսումն ընդհատվել է և միայն խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հնարավորություն է ունեցել ուսումը շարունակելու։ Ավարտելուց հետո աշխատել է գրադարանի վարիչ։ Նկատի ունենալով նրա ձգտումը, սերն ու եռանդը ուսման նկատմամբ, ՀԼԿԵՄ Կենտկոմը միջնորդել է ՀԽՍՀ լուսժողկոմատին նրան ևս այլ երիտասարդների հետ գործուղել Մոսկվա գրադարանային ինստիտուտում սովորելու։ 1936թ. ավարտել է վերադարձել Երևան և սկսել աշխատել լուսժողկոմատում որպես տեսուչ։ Մի քանի ամիս աշխատելուց հետո նշանակվել է Երևանի քաղաքային գրադարանի վարիչ (այժմ Ավ. Իսահակյանի անվ. քաղաքային գրադարանների կենտրոնացված համակարգի գրադարան[3]1937թ. հոկտեմբերի 1-ին կրկին հրավիրվել է լուսժողկոմատ, որպես գրադարանային աշխատանքի գծով տեսուչ ուր աշխատել է մինչև 1939թ.: Նա իր հարուստ գիտելիքներն ու փորձը հաղորդել է հանրապետության գրադարանային աշխատողներին։ Դրան զուգահեռ նա 1936 թվականից սկսած գրադարանագիտական առարկաներ է դասավանդել Երևանի գրադարանային տեխնիկումում։

Այս հանգամանքները նկատի ունենալով Լուսժողկոմատը 1939թ. նրան նշանակել է Երևանի գրադարանային տեխնիկումի տնօրեն փորձի փոխանակման կարգով միաժամանակ 1940-41թթ աշխատել է նաև գրադարանային բաշխիչ կենտրոնում, որպես գրականության ավագ դասակարգող։ Նա եղել է այդ բնագավառի միակ մասնագետը։

Երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը նա ևս մեկնեց ռազմաճակատ։ Սկզբից ղեկավարել է գումարտակ, ապա՝ վաշտ։ Նա մի քանի անգամ վիրավորվել է և կրկին վերադարձել ռազմաճակատ և շարունակել պայքարը։ 1945թ. զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով։

Նորից աշխատանքի է անցել լուսժողկոմատում, որպես ակումբային բաժնի պետ։ 1945թ. ստեղծել է ՀՍԽՀ Մինիստրների խորհրդին կից կուլտուր-լուսավորական հիմարկների գործերի պետական կոմիտեն։ Գ. Մկրտչյանը նշանակվել է գիտական գրադարանների տեսուչ իսկ 1951թ. գրադարանային բաժնի պետ։ Այդ նույն տարուց մինչև 1961թ. նա աշխատել է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումում որպես ուսմասվար։ Միաժամանակ դասավանդելով մասնագիտական առարկաներ տեխնիկումում և հեռակա մանկավարժական ինստիտուտում և համալսարանում։ Լուսժողկոմատի և կուլտուրայի մինիստրության արխիվներում պահպանվել են բավական շատ արխիվային նյութեր, որոնք վկայում են, թե Գարիկ Մկրտչյանը որքան աշխատանք է ներդրել գրադարանային, ակումբային և ժողովրդական ինքնագործունեության զարգացման համար։

Գարիկ Վասիլի Մկրտչյանը մահացել է 1978թ. մարտի 8-ին Երևանում, 69 տարեկան հասակում[2]։

Գարիկ Մկրտչյանի տպագրած գրքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Մկրտչյանը տպագրել է մասնագիտական գրքեր, կատարել թարգմանություններ, որոնք դարձել են ուսանողների ուսումնաօժանդակ նյութերը։ «Գրադարանավարի համառոտ ձեռնարկ»[4], «Շրջանային և գյուղական գրադարանների ռեսպուբլիկական ստուգատեսի արդյունքները», «Ցուցակ մարքսիզմ-լենինիզմի հիմունքների գրականության» «Ինֆորմացիոն հանձնարարական ցանկ գյուղական գրադարանների կոմպլեկտավորման համար»[5] և բազմաթիվ հոդվածներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի պատմություն». 13.05.2024.
  2. 2,0 2,1 Մելյան, Բալաբեկ (2002). Գարիկ Մկրտչյան. «Գիրք». էջեր 67–68. ISBN 9789993065081.
  3. «Երևանի Քաղաքապետարանի <<Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան>> ՀՈԱԿ». 13.05.2024.
  4. Մկրտչյան, Գարիկ (1948). Գրադարանավարի համառոտ ձեռնարկ։ Գրադարանային աշխատանքների կազմակերպումը, ղեկավարությունը, պլանավորումը և գրքային ֆոնդի կոմպլեկտավորումը. Մինիստրների սովետ ՀՍՍՌ. Երևան: Ա. հ.
  5. Մկրտչյան, Գարիկ (1964). Ինֆորմացիոն հանձնարարական ցանկ գյուղական գարադարանների կոմպլեկտավորման համար. էջ 27.